ԱԳ նախարարը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

ագն

Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակում փետրվարի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ գործադիր մարմինների հետ հաստատված արդյունավետ գործընկերության ամրապնդումը և ընդլայնումը թիրախային նորանոր ծրագրերի և նախաձեռնությունների խթանման միջոցով: Այս տեսակետից քննարկվեցին «Հայաստանի հետ համագործակցության» ԵԱՀԿ ծրագրի շրջանակում համագործակցությունը և այն առավել արդյունավետ դարձնելու ուղիները։

Հայաստանի ԱԳ նախարար Մնացականյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Գրեմինգերն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին և այս շրջանակում տեղի ունեցած վերջին հանդիպումներին:

Նախարար Մնացականյանն ընդգծեց խաղաղ գործընթացում Արցախի իշխանությունների ուղիղ ներգրավվածության կարևորությունը, հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են Արցախի անվտանգությանը և կարգավիճակին:

Երկուստեք ընդգծվեց խաղաղությանը նպաստող միջավայրի ամրապնդման և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն ուղղված հաջորդական քայլերի և այս շրջանակում ԵԱՀԿ դերսկատարման կարևորությունը։

Տեսանյութեր

Live

Լրահոս