Շատերս ընկալել էինք, թե մեր ֆակուլտետի դասախոս է․ Մելիքյանը՝ ԵՊՀ-ում կաշառքի դեպքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Ռուբեն

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԱԾ կողմից ԵՊՀ դասախոսին բերման ենթարկելու, ապա ԵՊՀ գիտխորհրդի հրապարակած համապատասխան նկատառումներից հետո՝ պարզաբանելուն: Գրառումը՝ ստորև.

«Համամիտ եմ ԵՊՀ գիտխորհրդի նկատառումներին։ Պաշտոնական հաղորդագրությունները պետք է այնպես ձևակերպվեն, որ ոչ թե հնարավոր լինի ճիշտ ընկալել, այլ անհնար լինի սխալ ընկալել։

Մինչդեռ խնդրո առարկա հաղորդագրությունը այնպես էր ձևակերպված, որ շատերս ընկալել էինք, թե ենթադրյալ հանցանք կատարած անձը մեր ֆակուլտետի դասախոս է։

Անձամբ ես այնուհանդերձ կարծում եմ, որ հաղորդագրության նման բովանդակությունը դիտավորության հետևանք չէ»։

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ 1000 դոլար կաշառք ստանալու պահին ԵՊՀ դասախոս է ձերբակալվել։ Նշվում էր նաև, որ բացահայտվել են  2017-2019 թվականների ընթացքում ԵՊՀ-ում 1000-8000 դոլար կաշառք ստանալու դեպքեր։

Ավելի ուշ ԵՊՀ-ն պաշտոնապես հերքել էր լուրը՝ նշելով, որ ԵՊՀ ոչ մի դասախոս բերման ենթարկված կամ ձերբակալված չէ։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթանում է նախաքննություն, հորդորում ենք լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ ԵՊՀ-ի վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկատվություն տարածելուց»,- նշված է հայտարարության մեջ։