Ծխախոտի տեղը բուլկի թող առնեն, ուտեն․ ծխե՞լ, թե՞ չծխել․ հարցում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Ազգային Ժողովն օրեր առաջ երկրորդ ընթերցմամբ 76 կողմ, 16 դեմ և 7 ձեռնպահ ձայներով ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագիծը, որով արգելվում է ծխելը հանրային տարածքներում և հանրային սննդի օբյեկտներում:

Նախագծին դեմ արտահայտվողների թվում ոչ միայն ընդդիմադիր, այլև իշխանական խմբակցության ներկայացուցիչներն էին։ 

24News-ը շրջել է Երևանի փողոցներով՝ պարզելու, թե ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերվում նախագծին։

Հարցմանը մասնակցած քաղաքացիների մի մասը նշեց, որ դեմ է նախագծին, քանի որ այն ծխողների իրավունքներն է խախտում և յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի՝ ծխե՞լ, թե՞ չծխել։ Քաղաքացիները կարծում են, որ անարդյունավետ է միանգամից արգելել ծխելը, քանի որ շատերն արդեն կախվածություն ունեն ծխախոտից։

Քաղաքացիների մյուս մասն էլ ողջունեց նախագիծը՝ նշելով, որ ծխախոտը վնասում է առողջությանը, մի քանիսն էլ հույս հայտնեցին, որ նախագծի շնորհիվ շատերը կթողնեն ծխելը։