Մեկնարկում է ՍԴ նախագահի և անդամների լիազորությունները դադարեցնելու հանրաքվեի քարոզարշավը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

սդ

Փետրվարի 17-ին մեկնարկում է Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, որը  շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը։ Իշխանությունների կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխությունների այս հանրաքվեն միտված է հասնելու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ 9 անդամների լիազորությունների վաղաժամ դադարեցմանը։ 

«Այո»-ի շտաբը ղեկավարելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, մարզերում այն համակարգելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, իսկ Երևանում՝ պատգամավոր Սիփան Փաշինյանը։ 

Ընդդիմադիր կուսակցություններից և ոչ մեկը «Ոչ»-ի շտաբ ձևավորելու հայտ չի ներկայացրել։ Եթե օրվա ընթացքում նման հայտ չստացվի, ապա «Ոչ»-ի շտաբ կարող է ձևավորել քաղաքացիներից բաղկացած ցանկացած խումբ, որն ունի հիսուն ստորագրություն։ 

Ի դեպ, նմանատիպ նախաձեռնությամբ հանդես է եկել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ում միացել են իր մի քանի տասնյակ գործընկերներ։