«Սպիտակցի Հայկո»-ի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

հասարակական

Երգիչ «Սպիտակցի Հայկոյի»՝ Հայկարամ Ղևոնդյանի նկատմամբ հարուցված քրեական գործը 2018 թվականի դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում տեղի ունեցած կրկնակի վրաերթի վերաբերյալ, մի քանի օր առաջ կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս տեղեկությունը 24News-ին հայտնեց Ղևոնդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը։

Փաստաբանի խոսքով՝ հետիոտնի մահն առաջին մեքենայի հարվածի հետևանքով է եղել։

Հիշեցնենք, որ Ղևոնդյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 244-րդ հոդվածի հատկանիշներով՝ վրաերթի հետևանքով ասֆալտին ընկած հետիոտնի վրա անցման ենթարկելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Արայիկ Չիբուխչյանը։Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ մեքենան վարելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նրա նկատմամբ եւս, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Հիշեցնենք նաև, որ 2018թ. դեկտեմբերի 14-ին ժամը 07:40-ի սահմաններում ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ա.Չ.-ն, վարելով իրեն ամրակցված, զորամասի հաշվեկշռում գտնվող «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ 0032 Մ զինհամարանիշի ավտոմեքենան, Երեւան քաղաքի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Քնարիկ Պետիկյանին՝ անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը: