Քաղաքաշինական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման հանձնաժողովը նիստ է գումարել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

.

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ փետրվարի 18-ին տեղի է ունեցել Քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, Տիգրան Ավինյանը նշել է, որ հանձնաժողովում քննարկվելու են քաղաքաշինական խոշոր նախագծերը, խնդրահարույց նախագծերը, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրները ու դրանց հետ կապված առաջարկվող լուծումները:

Անդրադարձ է կատարվել չորս հիմնական թեմայի, որոնք էին «Հին Երևան» քաղաքաշինական կառուցապատման ծրագիրը, Երևանի 33-րդ թաղամասի ծրագիրը, Երևանի Կոնդ թաղամասի քաղաքաշինական «վերակենդանացման» ծրագիրը, շինարարական թույլտվությունների վիճարկման պատճառով կասեցված շինարարությունների հարցը:

«Հին Երևանի», Կոնդի ու 33-րդ թաղամասի ծրագրերի առաջընթացի ու առկա խնդիրների մասին ծավալվել է ակտիվ քննարկում: Որոշվել է «Հին Երևանի» ու 33-րդ թաղամասերի ծրագրերի աշխատանքները համակարգելու, դրանք արագացնելու ու առավել արդյունավետ կազմակերպելու համար նշանակել պատասխանատուներ: Իսկ Կոնդի թաղամասի ծրագրի համար կստեղծվի աշխատանքային խումբ, որը կստանա ու կուսումնասիրի թաղամասի զարգացման համար ներկայացված հեռանկարային հայեցակարգեր:

Առանձին անդրադարձ է կատարվել Երևանում շինթույլտվությունների վիճարկման պատճառով շինարարությունների կասեցմանը: Երևանի քաղաքապետը ներկայացրել է առկա իրավիճակը ու շինարարությունների կասեցման վիճակագրությունը: Որոշվել է հանձնաժողովում մանրամասնորեն ուսումնասիրել հարցը ու գտնել լուծումներ, որոնք նվազագույնի կհասցնեն անհարկի ու անհիմն վիճարկումները: