2019-ին նվազել են անչափահասների կողմից առողջությանը վնաս պատճառելու դեպքերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

նելլիդուրյան

Նվազել են անչափահասների կողմից առողջությանը վնաս պատճառելու դեպքերը: Այս մասին գրել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Վերջին շրջանում համացանցում տարածում են գտել անչափահասների կողմից սուր կտրող-ծակող առարկաների գործադրմամբ առողջությանը տարբեր աստիճանի վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ տեղեկություններ: Կցանկանայի նշել, որ ոստիկանության իրավասու ծառայողների ամենօրյա ուշադրության և հսկողության կենտրոնում են անչափահասների շրջանում իրականացվող կանխարգելիչ աշխատանքները:

Շուրջ մեկ ամիս է՝ հանրապետության հանրակրթական բոլոր դպրոցներում աշակերտների, ծնողների և մանկավարժների մասնակցությամբ անց են կացվում հանդիպումներ՝ սառը զենք կամ դրան նմանվող առարկաների կրման վտանգավորության և հետևանքների մասին: Հարկ է նշել, որ 2019 թվականի ընթացքում ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 10-ով նվազել են անչափահասների կողմից առողջությանը վնաս պատճառելու դեպքերը /2018թ.՝ 34, իսկ 2019՝ 24/, այդ թվում՝ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերը /2018թ.՝ 17, 2019թ.՝ 16/:

Իրականացվող բազմաբնույթ միջոցառումների շրջանակներում 2019թ. ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է անչափահասների կողմից անօրինական զենք /սառը զենք/ կրելու 37 դեպք՝ 2018թ. 20-ի դիմաց: Հորդորում եմ բոլոր ծնողներին՝ երեխաների կողմից սուր կտրող-ծակող կամ սառը զենքի նմանվող առարկաներ կրելու դեպքերը բացառելու համար լինել զգոն և հետևողական»,- գրել է Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան էջում: