ԵՊՀ-ում նիստի բոյկոտման պատճառը կառավարության 8 անդամների բացակայությունն էր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

եպհ

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան գրառմամբ մեկնաբանել է այսօրվա նիստի չեղյալ հայտարարվելը։ Նա որպես բոյկոտման պատճառ նշել է կառավարության կողմից ներկայացված 16 անդամներից 8-ի բացակայությունը։

«Տեսնելով այս իմիջիայլոց վերաբերմունքը՝ որոշեցինք մենք էլ բոյկոտել նիստը։ Արդյունքում նիստը չկայացավ»։

Ափոյանը նաև հավելեց, որ Խորհրդում կառավարության ներկայացուցիչների ներկայությունը միայն ռեկտոր ընտրելու համար չէ ․նրանք պարտավոր են մասնակցել այդ թվում խիստ աշխատանքային նիստերին, իրենց փորձն ու գիտելիքները ներդնել ԵՊՀ զարգացման գործում․ «ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմինը խաղուպար չէ, մատների արանքով նայելու զբաղմունք չէ»։

«Օրենքի շրջանառվող նախագծով Հոգաբարձուների խորհրդում ուսանող անդամների թիվը կտրուկ նվազում է։ Նրանք, ովքեր ամեն օր ԵՊՀ-ում են, ովքեր ապրում են բուհի առօրյա հոգսով և զբաղված են հանրօգուտ աշխատանքով, զրկվելու են բուհի կառավարմանը արդյունավետ մասնակցելու հնարավորությունից։ Իսկ նրանք, ովքեր հազար ու մի գործ ունեն, ովքեր ԵՊՀ-ի մասին հիշում են միայն ռեկտոր ընտրելիս կամ ստորաբաժանումներ լուծարելիս, ունենալու են վճռական ձայնի իրավունք»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր հրավիրված Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չի ունեցել, քանի որ քվորում ապահովված չէր: