Ալեքսանդր Սարգսյանի որդին կրակել է թմրանյութի ազդեցության տակ․ տուժողի հայր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հրապարակվել է Հայկ Սարգսյանի գործով վկա Աշոտ Սիմոնյանի նախաքննական ցուցմունքը, քանի որ վերջինս բացակայում է Հայաստանի։

Վկայի նախաքննական ցուցմունքի համաձայն՝ Սիմոնյանը զանգել էր որդուն՝ գործով տուժողին, սակայն հեռախոսազանգին պատասխանել էր մի կին, ով նշել էր, թե որդուն վիրահատում են։ Հիվանդանոց հասնելուն պես տեսել էր մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։

«Մոտեցավ վիրահատող բժիշկը և ասաց, որ վիրահատությունը նորմալ է անցել։ Դավիթին տեղափոխել են հիվանդասենյակ։ Բացի այդ՝ նշեց, որ մի երիկամը հեռացվել է, որովհետև պայթել էր և կարել հնարավոր չէր, իսկ լյարդի վրա կար են դրել։ Բժիշկն ասաց, որ վնասվել է Դավիթի ողնաշարի մի ողը, որը վերականգնել հնարավոր չէր և ամենավտանգավորը դա էր։ Նշեմ, որ, երբ ժամանեցինք հիվանդանոց, այնտեղ էր գնվում նաև Առողջապահության նախարարը, ով դուրս էր գալիս Դավիթի մոտից և, ինչպես հետագայում իմացա, նրան ուղարկել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը»,-  ասել է վկան։  

Վկայի դիտարկմամբ՝ ընկերների խոսակցություններից հասկանալի էր դարձել, որ որդուն կրակել են իրենց հարևանությամբ գտնվող Ալեքսանդր Սարգսյանի բնակարանի նկուղում։ Սակայն այդ ժամանակ չէր իմացել ով է կրակողը։ Ենթադրել էր, թե Ալեքսանդր Սարգսյանն է։ Որդու ընկերներից մեկն ասել էր, թե կրակողն Ալեքսանդր  Սարգսյանի որդին էր, ով թմրանյութի ազդեցության տակ էր։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։

Ըստ մեղադրանքի՝ Հայկ Սարգսյանը 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Տեսանյութեր

Live

Լրահոս