Ոստիկանությունը կրակե՞լ է հենց այնպես կանգնած ժողովրդի վրա, այդպես չէ՛. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

«2012 թվականին, երբ վերադասի կողմից քննարկվում էր Արթուր Բաղդասարյանին Ռազմական ոստիկանության պետ նշանակելու հարցը, մերժել եմ, բայց նրա աշխատանքի գնահատականը պետք է այսօրվա ղեկավարները տան։ Մյուս երկու գեներալին ճանաչում եմ՝ որպես պարտաճանաչ և գրագետ անձնավորությունների»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

«Եթե խոսքը  արտակարգ պատահարներից ելնելով ազատումներ մասին է, կարող եմ մեկ համեմատություն անել․ արտակարգ դեպքերի ամենաքիչ քանակը եղել է 2006-2007 թվականներին, որտեղ Ալիկ Ալեքսանյանի դերակատարությունը շատ մեծ է եղել։ Ավելին՝ 2019-ին երբ այսօրվա իշխանությունը և բանակի ղեկավարությունն ասում էր, որ  աննախադեպ տարի է եղել արտակարգ պատահարների առումով, անձնակազմի հետ տարվող աշխատանքերի վարչության պետը կրկին Ալեքսանյանն է եղել»,- ասել է նա։
 
Օհանյանը խոսել է նաև «Մարտի մեկի» մասին՝ նշելով, որ սպանություններն այս դատավարության ժամանակ չեն բացահայտվելու։

«Եթե «Մարտի մեկի» սպանվածներն են տուժողները, ապա բանակը  նրանց հետ չի բախվել։ Նրանց հետ բախվել են ներքին զորքերը։ Եվ եթե եղել է հրահրում, ուժ է կիրառվել, ապա մենք չենք այդ ուժ կիրառողները։  Մյուս կողմից՝ ասում ենք խաղաղ ցույց էր։ Ժողովուրդը խաղաղ, հենց այնպես կանգնա՞ծ էր այնտեղ և ոստիկանությունը որոշեց նրանց վրա կրակե՞լ, այդպես չէ՛։ Լիարժեք դատավարություն պետք է իրականացնել, որին մենք կողմ ենք»,- շեշտել է Օհանյանը։

Պաշտպանության նախկին նախարարը խոսել է նաև ԶՈւ-ում մահվան դեպքերի, իր՝ քաղաքականությամբ զբաղվելու, քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի և այլ թեմաների վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։