Կորոնավիրուսի դեպքերի թիվը կազմել է 75567․ բարձր է տղամարդկանց մահացության ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

կորոնավիրուս

Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 21-ի ժամը 16:00 դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 75567, կասկածելի դեպքերի թիվը` 5206, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 18654 (24,2%), գրանցվել է 2239 մահ (3%): Այս պահի դրությամբ ծանր վիճակում են գտնվում 11633 պացիենտ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 20-ի դրությամբ արձանագրվել է 75748 լաբորատոր հաստատված դեպք: ՉԺՀ-ից դուրս աշխարի 26 երկրում արձանագրվել է 1073 դեպք:

Ըստ մասնագետների` 80.9% դեպքերում հիվանդությունն ընթանում է թեթև ձևով: Բարձր ռիսկային խմբում են գտնվում ծերերը և այլ զուգակցող հիվանդություններով անձինք: Հիվանդությունը ծանր ձևով ընթանում է սրտանոթային, շաքարային դիաբետով, շնչառական խանգարումներով հիվանդների մոտ:

Այսօրվա դրությամբ վարակի (COVID-19) մահացությունը հասել է 2.3%: Ընդ որում տղամարդկանց շրջանում մահացության ցուցանիշն ավելի բարձր է (տղամարդ՝ 2.8, կին՝ 1.7):

Հիվանդի տարիքից կախված բարձրանում է մահացության ցուցանիշը: Մինչև 39 տարեկան տարիքային խմբում այն կազմում է 0,2%, 40 տարեկաների մոտ՝ 0,4%, 50տ.՝ 1,3%, 60տ.՝ 3,6%, 70տ. 8%, 80տ. և բարձր՝ 14,8%: Մինչև 9 տարեկան երեխաների մոտ դեռևս մահվան ելքով դեպք չի գրանցվել` չնայած հիվանդանոցներում բուժում են ստանում մանկահասակ տարիքի երեխաներ:

Հարկ է նշել, որ ռիսկի խմբի մեջ են մտել նաև բուժաշխատողները՝ 3019 հիվանդ, որից 5–ը մահվան ելքով:

Տեսանյութեր

Live

Լրահոս