ՀՀ ԱԳՆ-ն Եգիպտոսի ԱԳՆ-ի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

հայսատան-եգիպտոս

Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փետրվարի 20-ին Կահիրեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, եգիպտականը` ԵԱՀ ԱԳ նախարարի եվրոպական հարցերով օգնական Բադր Աբդել Աաթին (Badr Abdel Aati): Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է հայ-եգիպտական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես առևտրատնտեսական, կրթական, զբոսաշրջության, տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ակտիվացման վերաբերյալ: «Զրուցակիցներն ընդգծեցին ԵԱՏՄ-ԵԱՀ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման կարևորությունը։

Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առկայությունը։ Անդրադարձ կատարվեց Կահիրեում կայանալիք հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի կազմակերպմանը վերաբերող նախապատրաստական աշխատանքներին։

Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին, հատկապես ուշադրություն դարձվեց Արևելյան Միջերկրականի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Քննարկվեց նաև միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացումը:

Այցի ընթացքում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև ԵԱՀ Ներգաղթի և արտերկրում բնակվող եգիպտացիների հարցերով նախարարի, ԵԱՀ Միջազգային համագործակցության նախարարության ներկայացուցչի, ինչպես նաև հայ համայնքի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։