Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղևորներին չգրանցելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

/

Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան չվերթի մի քանի տասնյակ ուղևորի ինքնաթիռ նստեցման/գրանցման մերժման հարցն այս պահին ուսումնասիրվում է հենց Ryanair-ի կողմից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավիաուղևորների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Passenger.am ընկերության գործունեության 1-ամյակի շրջանակում կազմակերպված «Հայկական Flight Mode»  խորագրով հանդիպում-քննարկման ժամանակ Passenger.am-ի համահիմնադիր Գուրգեն Ղազարյանը նշեց, որ իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի այդ ուղևորները ստանան փոխհատուցում:

«Անձամբ ես եղել եմ Միլան-Երևան թռիչքի ուղևոր և տեսել եմ, թե ինչ է կատարվել այդտեղ: Խնդիրն այն էր, որ կար check-in-ի ընդամենը մեկ սեղան և բազմաթիվ ուղևորներ: Այնտեղ ուղղակի սխալ էր կազմակերպված գրանցման գործընթացը: Միլանում մնացել էր 31 ուղևոր, նրանք դիմել են Passenger.am-ին և մենք դեպքի հետ կապված պայքարելու ենք, որպեսզի բոլորի իրավունքները լինեն պաշտպանված և այդ չվերթով Երևան չեկած ուղևորները ստանան փոխհատուցում»,- նշեց Ղազարյանը:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը շեշտեց, որ իրենք դիմել են Ryanair ընկերությանը՝ դեպքի վերաբերյալ ուսումնասիրություններ անցկացնելու համար:

«Ես հարցը բարձրացրել եմ և անձամբ տեղյակ եմ պահել Ryanair ընկերությանը, թե ինչ է տեղի ունեցել օդանավակայանում, որպեսզի իրենք հստակ իմանան խնդիրը և փորձեն ուսումնասիրել եղելությունը»,- ասաց Ռևազյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս