Եկեղեցին նշում է Կ.Պոլսի տիեզերաժողովի 150 սուրբ հայրապետների հիշատակության օրը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

հասարակական

Ընդհանրական Եկեղեցու առջև պատմության տարբեր ժամանակահատվածներում ծառացել են դավանաբանական, վարդապետական, վարչակազմակերպչական խնդիրներ, որոնց պատասխանները տրվել են սրբագումար տիեզերական ժողովների ընթացքում: Այդպիսի ժողովներից էր նաև 381 թվականին Թեոդոսիոս կայսեր հրամանով գումարված Կ.Պոլսի Բ տիեզերաժողովը:

Արարատյան հայրապետական թեմից մանրամասնում են, որ Արիոսական վեճերի արդյունքում հայտնվել էր մի նոր հերետիկոսություն` գլուխ և պաշտպան ունենալով Կ.Պոլսի Մակեդոն արքեպիսկոպոսին, ով մերժում էր Սուրբ Հոգու աստվածությունը:

Սույն խնդրով գումարված վերոհիշյալ տիեզերաժողովը վերահաստատում է Նիկիայի ժողովում ընդունված դավանությունը և ապա պաշտպանում Սուրբ Հոգու աստվածության վարդապետությունը` որդեգրելով «մի Աստվածություն, երեք անձինք» բանաձևը:

Ընդունելով սույն տիեզերաժողովը` Հայ Եկեղեցին նշում է ժողովին մասնակից 150 սուրբ հայրապետների հիշատակության օրը: