Բրիտանիան Ճապոնիայում կայանած «Diamond Princess» զբոսանավից տարհանել է 32 հոգու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

.

Մեծ Բրիտանիան իր և եվրոպական երկրների 32 քաղաքացու տարհանել է Ճապոնիայի Յոկոգամա նավահանգստում կայանած «Diamond Princess» զբոսանավից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությանը:

Ինքնաթիռը, որի մեջ գտնվել են բրիտանացի և եվրոպացի զբոսաշրջիկները, Ճապոնիայից մեկնել է փետրվարի 21-ի երեկոյան, իսկ Միացյալ Թագավորությունում վայրէջք է կատարել շաբաթ օրը:

«Բրիտանիան «Diamond Princess» զբոսանավից տուն է հասցրել իր և Եվրոպայի երկրների 32 քաղաքացիներին: Շնորհակալություն մեր գործընկերներին և բժիշկներին, որոնք ուղեկցել են նրանց թռիչքի ընթացքում»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Բրիտանիայի Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը:

Զբոսանավից տուն է վերադարձել նաև Հունաստանի 2 քաղաքացի:

Զբոսանավը Յոկոգամա նավահանգստից դուրս է եկել հունվարի 20-ին, ապա վերադարձել փետրվարի 3-ին: Ճապոնիայի իշխանությունները երկու շաբաթով կարանտինի շրջան են հայտարարել զբոսանավի ուղևորների համար այն պատճառով, որ նրանց կազմում եղել է Չինաստանի մեկ քաղաքացի, որը հիվանդացել է: Զբոսանավի վրա եղել է 3711 հոգի, ներառյալ 2666 հյուրերն ու 1045 անձնակազմի անդամները: Ճապոնիայում նոր տեսակի կորոնավիրուսը հայտնաբերվել է 728 մարդու մոտ: Հինգշաբթի օրը հայտարարվել է կորոնավիրուսից երկու հոգու մահվան մասին, որոնք վիրուսով վարակվել են զբոսանավում:

Այժմ զբոսանավի վրա գտնվում է շուրջ 2 հազար հոգի: