Գարեգին Բ–ն ընդունել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

հասարակական

Փետրվարի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներին և նրանց ընտանիքներին, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց կենտրոնի գործունեության պատմությունը, միջազգային բժշկության ոլորտում արձանագրած ձեռքբերումները, պարգևատրումները՝ հատկապես հատկանշական համարելով այն հանգամանքը, որ ամբողջ աշխարհում Հայաստանը ճանաչվել է բացառիկ երկրներից մեկը, որտեղ հաղթահարված է ՄԻԱՎ վարակի փոխանցումը մայրիկից զավակին:

Տիար Ս. Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին, որ  կենտրոնի գոյության երեսուն տարիների ընթացքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ակտիվ գործակցում է ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է փոխանցել կենտրոնի բժիշկներին՝ ընդգծելով, որ վերջիններս կարևոր առաքելություն են իրականացնում ՁԻԱՀ կանխարգելման ոլորտում: Գարեգին Երկրորդ Հայրապետը գոհունակությամբ փաստել է, որ կենտրոնի բժիշկները մեծ ջանքեր են գործադրում ՁԻԱՀ-ով տառապող մարդկանց կյանքի նկատմամբ վերստին հավատք, վստահություն և սեր ներշնչելու համար: Նորին Սրբությունը ողջունել է նաև կենտրոնի տնօրենի և աշխատակիցների սերտ կապը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ և նրանց հավատարմությունը քրիստոնեական արժեքներին:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է ներկաների հարցերին։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որ Աստծու օգնականությունն ու օրհնությունը մշտապես ուղեկից լինի բժիշկներին` իրենց պատասխանատու առաքելության մեջ: