Մանվել Գրիգորյանին պատկանած եղնիկը Կենդանաբանական այգում անկել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

մանվել

Երևանի կենդանաբանական այգում մի քանի օր առաջ եղնիկ է անկել: Ըստ նախնական վարկածի՝ կենդանու անկման պատճառն անփութությունն է: Կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանն աշխատողներին ասել է, որ եղնիկն անկել է կոկորդը խցանվելու հետևանքով: Այդ մասին հայտնում է «Հայկական ժամանակը»։

Կենդանու կերակրափողն ամբողջությամբ լցված է եղել պոլիէթիլենային տոպրակներով և տուկի թելով, ինչի պատճառով էլ կենդանին չի կարողացել շնչել և խեղդվել է: Եղնիկն առողջ է եղել, հերձման ժամանակ այլ օրգանների ախտահարում չի հայտնաբերվել: Կենդանաբանական այգու կուրատորն ազատված է աշխատանքից, այս պահին այգին չունի վերահսկող մասնագետ, ուստի նման ելքերից խուսափել հնարավոր չէ:

Այս պահին Երևանի կենդանաբանական այգու հաշվեկշռում կա 30 եվրոպական եղնիկ: Ըստ խոսնակի՝ կենդանին տոպրակը կարող էր դեռ Մանվել Գրիգորյանի մոտ պահված ժամանակ կերած լինել: Տվյալ եղնիկը բերվել էր 2018 թվականին և կենդանաբանական այգու հաշվեկշռում առկա չի եղել:

Կենդանին տարիքով փոքր էր՝ 3-4 տարեկան: Իսկ եղնիկներն անազատության մեջ ապրում են մինչև 16 տարի, որոշ դեպքերում՝ մինչև 20 տարի:

Ըստ աղբյուրի՝ անկած կենդանին այգի էր տեղափոխել Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտուց: «Վայրի բնության և հուշարձանների պահպանության հիմնադրամը» 2018 թվականի հունիսին կենդանաբանական այգի էր տեղափոխել Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի հանգստյան գոտու բնակատեղիում բնակվող քարայծերը, այծերն ու մեկ եղնիկ: