Հայաստանի կոմկուսը չի աջակցի հանրաքվեի ոչ մի ճամբարի 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

ՀԿԿ

«Ընդունելով, որ դատաիրավական համակարգն ունի բարեփոխումների կարիք, բայց նաև քաջ գիտակցելով, որ ներկայումս ծավալվող գործնթացը ոչ թե իրավական, այլ քաղաքական է, հետևաբար այն չի նպաստում երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների»։ Այս մասին այսօր հայտարարության մեջ նշել է Հայաստանի կոմկուսը (ՀԿԿ):

Հայտարարությունում նաև ասվում է. «Հայաստանի անկախացումից ի վեր, մեր երկրում գործող սահմանադրությունը և սահմանադրական բարեփոխումները եղել են կեղծված ու պաշտպանել են բացառապես օրվա իշխանությունների, բայց ոչ երբեք աշխատավոր ժողովրդի շահերը։Դրա արդյունքում սկիզբ դրվեց և մինչև օրս շարունակվում է համաժողովրդական սեփականության վայրի թալանը, ինչի հետևանքով էլ չի նվազում արտագաղթողների քանակը»։

Հայաստանի կոմկուսը նշում է, որ պատրաստ է իր ողջ ուժն ու եռանդը ներդնել ժողովրդի շահերից բխող սահմանադրության կայացմանը, սակայն չի աջակցի ոչ մի ճամբարի․ «Ներքաղաքական զարգացումների այս փուլում Հայաստանի կոմկուսը կպահպանի ակտիվ չեզոքություն, չմասնակցելով գործնթացին և չաջակցելով հանրաքվեի ոչ մի ճամբարի»։