Փաստացի հերքվեց և հաստատվեց, որ Արա Բաբլոյանի կողմից ՍԴ լիազորությունները չեն յուրացվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

.

Իրավաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի գործընկերներ,

Մի քանի պարզաբանում ներկայացնեմ Ա.Ս. Բաբլոյանին առաջադրված մեղադրանքի փոփոխության և կրկին նախաքննության ավարտ հայտարարելու վերաբերյալ.

1) Ա.Ս. Բաբլոյանին նոր մեղադրանք չի առաջադրվել, այլ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով մեղադրանքը վերացվել է (ինչպես պնդում էինք դեռևս 2019 թվականի հոկտեմբերին) և մեղադրանքը փոփոխվել է 308-րդ հոդվածով (ավելի մեղմ հանցակազմով է որակվել):

2) Քրեական գործի նյութերում չկա ոչ մի նոր ապացույց և ինչպես նախկինում պնդել էի՝ Ա. Բաբլոյանի դեմ չկա ոչ մի ցուցմունք և քրեական գործում առկա չէ ոչ մի հանգամանք որը կհիմնավորեր քրեական հետապնդման իրավաչափությունը:

3) Մեղադրանքի էությունը կայանում է «Մալբերի» համակարգի և ԱԺ հին կամ նոր կանոնակարգի կիրառման վերաբերյալ: Այսինքն էությունը մեղադրանքի առնչություն չունի քրեական օրենսգրքի և քրեական դատավարության հետ, քանի որ «Մալբերի» համակարգը պարտադիր չէր, ունի մի շարք թերություններ (այդ թվում 18:00-ից հետո փաստաթուղթ մուտքագրել հնարավոր չէ): Կիրառելի դրույթի վերաբերյալ՝ ակնհայտ է, որ կիրառելի է ԱԺ նոր կանոնակարգը, ակնհայտ է, որ ՀՔԾ-ն չի կարող հանդիսանալ նորմերի վերջնական մեկնաբանություն տվող մարմին և հենց դա դնել մեղադրանքի հիմքում, ինչպես նաև ակնհայտ է, որ Ա. Բաբլոյանը օրենքի մեկնաբանման հետ առնչություն չունի

4) Շուրջ 4 ամիս նախաքննության արդյունքում փաստացի հերքվեց և հաստատվեց, որ ԱԺ նախկին նախագահի կողմից Սահմանադրական դատարանի լիազորությունները չեն յուրացվել, մյուս հանգամանքները ևս նույն կերպ հերքվելու են»: