Աշխարհը պետք է պատրաստ լինի կորոնավիրուսի համավարակի. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Աշխարհ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ չնայած վաղ է կորոնավիրուսի համավարակի մասին հայտարարել, բայց երկրները պետք է պատրաստ լինեն ցանկացած զարգացման, այս մասին հայտնում է BBC-ին։

Covid-19 տեսակի կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդությունը շարունակվում է արագորեն տարածվել: ԱՀԿ ղեկավարի խոսքով` անհանգստացնող են վերջին օրերին Հարավային Կորեայում, Իտալիայում, Իրանում գրանցված դեպքերը: Սակայն ամենաշատ դեպքերը գրանցվել են համաճարակի օջախում՝ Չինաստանում, որտեղ գրանցվել է վարակի 77 000 դեպք, որից` 2600-ը մահվան ելքով:

Չինաստանի սահմաններից դուրս 30 երկրում հաստատվել է վարակման 1200 դեպք, որից  20-ը` մահվան ելքով:  Covid-19 կորոնավիրուսից մահացության տոկոսը տատանվում է 1-2-ի միջև:

Կորոնավիրուսի տնտեսական ազդեցության հետևանքով համաշխարհային արժեթղթային շուկայում կտրուկ անկումներ են եղել:

Չինաստանն իր հերթին հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակելու նպատակով պատրաստվում է հետաձգել Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովը: