Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 16-ամյա թալինցի ծրագրավորողի նորարական գաղափարի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ դրան կից տեղադրելով թալինցի 16-ամյա Արման Բարսեղյանի՝ հավելվածի գաղափարը, որը հնարավորություն կտա մարդկանց հայտնվել հետաքրքիր վայրերում, օրինակ՝ Մատենադարանի պահոցում։

«Խնդրում եմ, նայե՛ք թալինցի այս 16-ամյա տղային, լսե՛ք, թե ինչի մասին է նա խոսում, տեսե՛ք, թե ինչով է նա զբաղված, ուշադրություն դարձրե՛ք, թե ինչ բառապաշար է նա օգտագործում:

Այսպիսին է Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացու իմ պատկերացրած իդեալական կերպարը: Եվ իմ կյանքը նվիրված է հենց այս կերպարի հաղթանակին:

Ընդ որում, նկատի չունեմ հատկապես գործունեության տեսակը: Նկատի ունեմ մարդու վերաբերմունքը իր, իր անելիքի, միջավայրի և հնարավորությունների նկատմամբ:

Բարձր, ավելի բարձր, ավելի ու ավելի բարձր նշաձողեր դնենք մեր առաջ թե՛ որպես անհատ, թե՛ որպես ժողովուրդ, թե՛ որպես պետություն:

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի:

Ազատ և Երջանիկ Հայաստան»: