Մի շնաբարո դուրսպրծուկ գրել է, որ ստորագրել ենք Քոչարյանի ազատման համար. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխություններին զուգահեռ ընթացող «սուտ մատնություններին»:

Ըստ Մարուքյանի՝ իր անձի վերաբերյալ ստերից մեկն այն է եղել, որ ինքը մասնակցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու ստորագրահավաքին։

«Սուտ համար մեկ. ես նման բան չեմ ստորագրել,  չէի կարող ստորագրել, նման բան գոյություն չունի, բայց մեր մասին ստերը անընդհատ շարունակելու են տարածել:

Երկրորդ սուտն այն է, որ մենք և ՀՅԴ-ն աջակցում ենք «Ոչ»-ի շտաբին։ «Լուսավոր Հայաստան»-ը դեմ է քվեարկել հանրաքվեի որոշմանը, մանրամասն ներկայացրել է հակասահմանադրական գործընթացը և հայտարարել է, որ հակասահմանադրական գործընթացում չի զբաղվելու որևէ քարոզչությամբ՝ ո՛չ «Ոչ»-ի, ո՛չ «Այո՛»-ի»,-ասել է Էդմոն Մարուքյանը, ապա պարզաբանել, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներից լիցենզիա ստացած անձինք ցանկացել են հանրաքվեի ժամանակ որպես հանձնաժողովի անդամ լինել, սակայն իշխանությունը «իրար է խառնվել»։

«Մարդիկ վախենում են, որ հանձնաժողովում գրագետ մարդիկ են ներգրավվում։ Կարո՞ղ է ուզում եք հանրաքվեն կեղծել, դրա համար եք խառնվել իրար։ Չգիտեմ, չեմ ուզում ես խառնվել այն ամենի մեջ, բայց իմացեք, որ դա էլ է սուտ»,-ասել է Մարուքյանը։

Ըստ ԼՀԿ ղեկավարի՝ հաջորդ սուտն այն է, որ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներից մեկը տարածել է, թե Դավիթ Խաժակյանը հանդիպել է «Ադեկվադ» միաբանության անդամների հետ, սակայն տարածված լուսանկարը 2 տարվա վաղեմություն ունի և արվել է այն ժամանակ, երբ Խաժակյանն ու «Ադեկվադի» անդամները հաղորդման հյուր են եղել։

«Տեսնում եմ, որ այսօր անբարոյականությունը սահմաներ չունի։ Ցանկացած բան, ցանկացած մարդու մասին կարելի է ասել, տեսանյութ պատրաստել»,- ասել է նա և հավելել, որ նման դեպքերում դատի տալն անիմաստ է, քանի որ շատ նյութեր անհեղինակ են։

Մանրամասները՝ տեսանյութում։