ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Առավոտյան այցելեցի թիվ 52 հիմնական դպրոց, որտեղ երեկ, ըստ տարածված տեղեկության, աշակերտի ծնողը (մայրը) դասարանում, երեխաների ներկայությամբ ագրեսիվ վարք է դրսեւորել ուսուցչի նկատմամբ, ապտակել է նրան:
Երկար զրույց ունեցա նախ երեխայի հոր հետ, նրան հարցրեցի տեղի ունեցածի վերաբերյալ իր պատկերացումների մասին: Հայրը ըստ էության չի հաստատում, որ երեխայի նկատմամբ դպրոցում դեկտեմբերին տեղի է ունեցել բռնություն, ինչն կարող էր երեկվա միջադեպի պատճառ լինել: Հոր պատմելով՝ երեխան վստահ չէ, որ նման բան է եղել, տարբեր օրերի կատարվածի տարբեր վարկածներ է ներկայացնում: Երեխայի նկատմամբ բռնության ահազանգով համապատասխան մարմիններն ու մասնագետները եւս հետաքննություն են արել եւ բռնության փաստը չի հաստատվել:
Զրուցեցի նաեւ դպրոցի տնօրինության եւ նախօրեին ագրեսիայի ենթարկված ուսուցչի հետ: Ցանկացած պարագայում համարում եմ, որ մանկավարժի նկատմամբ նման վարքը անթույլատրելի է: Այն խաթարում է դասապրոցեսը, սթրեսի է ենթարկում սովորողներին, հասարակությունում նսեմացնում է ուսուցչի կերպարը եւ առհասարակ, անձի արժանապատվությունը Սահմանադրությամբ ամրագրված բարձրագույն արժեքներից է:
Անկախ տհաճ միջադեպի հանգամանքներից, պետք է ապահովել նաեւ երեխայի կայուն հոգեբանական վիճակը եւ բնականոն ուսման պրոցեսը: Առաջարկել եմ ծնողին՝ երեխային տեղափոխել այլ դասարան: Մնացած հարցրի պատասխանները, կարծում եմ, կտան իրավապահները»:
Հիշեցնենք, որ Երևանի Հովհ. Հովհաննիսյանի անվան հ. 52 հիմն. դպրոցի 5-րդ դասարանի աշակերտի ծնողը անհիմն մեղադրանքներ ներկայացնելով հայոց լեզվի և գրականության ուսուցչուհուն բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն՝ պնդելով ուսուցչի դպրոցից հեռացման պահանջը: Տնօրենի և տեսուչի ներկայությամբ վերջինիս ամուսինը փորձել է ապտակել ուսուցչուհուն, որը կասեցվել է: Դրանից հետո, չբավարարվելով, ծնողը դիմել է ոստիկանություն՝ նույն պահանջով: Նշենք, որ երեխան հենց ծնողի մեղքով, հաճախակի բացակայությունների արդյունքում մնացել է նույն դասարանում և շարունակում է դասի չգալ: Ծնողը նույն պահանջով/ուսուցչի հեռացում դպրոցից/ դիմել է նաև ոստիկանություն:
Փետրվարի 24-ին, ծնողը երեխային ուղեկցել է դասարան՝ պատճառաբանելով, որ ինքը ևս ցանկանում է մասնակցել դասապրոցեսին: Մտնելով դասարան՝ անհարգալից բառերով վիրավորել է ուսուցչուհուն: Վերջինս խնդրել է ծնողին դուրս գալ դասասենյակից, սակայն ծնողը, ցուցաբերելով ագրեսիվ պահվածք, աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչուհուն, քաշքշել, ինչի արդյունքում երեխաները խուճապի են մատնվել և հայտնվել սթրեսային վիճակում: