Սերգո Կարապետյանին դատական նիստին դիմավորել են «ամո՛թ» վանկարումով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

սերգո

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Միսակյանի նախագահությամբ մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի գործով առաջին դատական նիստը։

Դատական նիստին մեկնարկին դատարանի դահլիճում գյուղատնտեսության նախկին նախարար, գործով մեղադրյալ Սերգո Կարապետյանին դիմավորել են «ամո՛թ» վանկարումով։

Նշենք, որ գործի շրջանակում Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15391765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 միլիոն դրամը:

Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է

Նշենք նաև, որ դատավարության մեկնարկի օրը ՀՀԿ–ն տարածել է հայտարարություն, ըստ որի՝ գործն ուղղորդված է և պատվիրված, ունի քաղաքական շարժառիթներ։