Մնացականյանը զորակցություն է հայտնել Իրանի ժողովրդին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

ՀՀԻՐԱՆ

Փետրվարի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության դատական համակարգի ղեկավարի՝ միջազգային հարցերով տեղակալ, Իրանի մարդու իրավունքների գերագույն խորհրդի քարտուղար Ալի Բաղերիի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին Հայաստանի և Իրանի միջև դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակը և տարբեր հարթություններում առկա երկխոսության դինամիկան։

ՄԻԽ 43-րդ նստաշրջանի օրակարգի և աշխատանքների համատեքստում կողմերը շեշտադրեցին մարդու իրավունքների, այդ թվում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կարևորությունը:

Նախարար Մնացականյանն իր զորակցությունը հայտնեց զրուցակցին և Իրանի բարեկամ ժողովրդին Իրանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնել էր Ժնև՝ մասնակցելու ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի հանդիպմանը։