Մաքրվել են «Փարոսի» շահառուների ցուցակները․ 60 ընտանիք ստացել է եղջերավոր անասուններ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

փարոս

«Արարատի մարզում տարիներ շարունակ հարյուրավոր մարդիկ սոցիալական նպաստ են ստացել՝ դրա կարիքը չունենալով, սակայն հակառակ կարգավիճակում գտնվող մի շարք ընտանիքներ ցուցակներից դուրս են մնացել»: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Արարատի մարզում տարիներ շարունակ հարյուրավոր մարդիկ սոցիալական նպաստ են ստացել՝ դրա կարիքը չունենալով, սակայն հակառակ կարգավիճակում գտնվող մի շարք ընտանիքներ ցուցակներից դուրս են մնացել: ՀՀ Արարատի մարզում խանութ, լավ տուն, մեքենա ունեցող ավելի քան 1000 շահառու այլևս չի ստանա սոցիալական նպաստ։ 2017-ից հետո՝ 2018 և 2019 թվականներին Արարատի մարզում սոցիալական նպաստ ստացող 1027 շահառու դուրս է մնացել ցուցակներից»:

Մարզպետը նշեց, որ մաքրվել են «Փարոսի» շահառուների ցուցակներից հանվել են այն մարդիկ, որոնց մոտ փաստաթղթով ամեն ինչ կարգին է, նրանք ունեցել են խանութ, լավ տուն, մեքենա, բայց այդ ամենն իրենց անունով չի եղել․ «Մենք այս հարցով ստեղծել ենք հանձնաժողով, որի ներկայացուցիչները տնայցեր են կատարում, շրջում են համայնքներում, ինչի արդյունքում իրականում «Փարոսի» շահառու հանդիսացող անձինք միայն շահում են»։

Մարզպետը նշել է ցուցակները մաքրելուց հետո ստացված արդյունքները․ «Ցուցակները մաքրելուց հետո 60 ընտանիքի տրամադրվել են խոշոր և մանր եղջերավոր անասուններ»:

Սարգսյանը նաև նշեց, որ երկու սոցաշխատակցի զգուշացում է արվել ընտանիքների կարիքավորության աստիճանը գնահատելիս օբյեկտիվ չլինելու փաստով։