Սերժ Սարգսյանի գործով դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժվեց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստի մեկնարկին մերժեց դատախազ Արսեն Մարտիրոսյանին բացարկ ներկայացնելու միջնորդությունը։ Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 26-ին՝ ժամը 15:00-ին։

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Սերժ Սարգսյանի գործով դատական առաջին նիստն էր, որի ժամանակ ՀՀ երրորդ նախագահի պաշտպան Ռուբեն Հակոբյանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանին: Միջնորդության որոշումը հրապարակվեց այսօր։

Նշենք, որ գործի շրջանակում Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15391765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 միլիոն դրամը:

Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է

Նշենք նաև, որ դատավարության մեկնարկի օրը ՀՀԿ–ն տարածել է հայտարարություն, ըստ որի՝ գործն ուղղորդված է և պատվիրված, ունի քաղաքական շարժառիթներ։