Ուզբեկստանի նախկին նախագահի դուստրը երկրին հասցրել է 2 միլիարդ դոլարի վնաս

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

գուլնարա

Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստրը՝ Գուլնարա Քարիմովան, բաց նամակ է ուղղել երկրի ներկայիս նախագահ Շավկաթ Միրզիյոևին: Նամակում, մասնավորապես, Քարիմովան նշում է, որ իր դեմ հարուցված քրեական գործերը փակելու դիմաց պատրաստ է հրաժարվել Շվեյցարիայի բանկերում սառեցված հաշիվներին  եղած 686 միլիոն դոլարից:

2013թ. հոկտեմբերին Քարիմովայի դեմ շորթման և հարկերից խուսափելու մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել: 2015թ. նրան դատապարտել էին 5 տարվա ազատազրկման, որի մասին հանրությանը հայտնի է դարձել միայն երկու տարի անց: 2017թ. հայտնի էր դարձել մի շարք այլ մեղադրանքներով քրեական գործի քննության շարունակման մասին: Քարիմովայի հասցրած ընդհանուր վնասը գնահատվել է գրեթե 2 միլիարդ դոլար: 2019թ. օգոստոսին երկրի գլխավոր դատախազությունը Քարիմովայի դեմ պետությանը վնաս հասցնելու և շորթման մեղադրանքով նոր քրեական գործեր է հարուցել։

«Քարիմովան հետ է վերցրել Շվեյցարիայի դատախազության` 131 միլիոն դոլարը Ուզբեկստանին վերադարձնելու որոշման դեմ ներկայացրած բողոքը»,- նշված է նամակում: 

Միջոցները, նրա խոսքով, կուղղվեն մարդասիրական ծրագրերի իրականացմանը: Քարիմովան նշում է, որ քրեական գործերի շրջանակներոմ իրենից գանձված 1,2 միլիարդ դոլարի ակտիվները նյութական վնասի մարման համար հաշվի չեն առնվել:  Նամակում Քարիմովան հայտնում է, որ նա արդեն պետք է ազատության մեջ լիներ։ Նշենք, որ նա այժմ գտնվում է ընդհանուր քրեակատարողական հիմնարկում: