ԱԳ նախարար Մնացականյանը հանդիպել է Ուզբեկստանի Օլի Մեջլիսի փոխխոսնակ Ակտամ Խաիտովի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News   

.

Ժնևում փետրվարի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ուզբեկստանի Օլի Մեջլիսի (խորհրդարան – խմբ.) փոխխոսնակ Ակտամ Խաիտովի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Ուզբեկստանի Օլի Մեջլիսի փոխխոսնակը շնորհավորել է ԱԳ նախարարին՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ընտրվելու կապակցությամբ։ «Կողմերը գոհունակություն հայտնեցին միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում հաստատված արդյունավետ համագործակցություն կապակցությամբ։ 

Զոհրաբ Մնացականյանը և Ակտամ Խաիտովը մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Նախարար Մնացականյանը վստահությամբ նշեց, որ Ուզբեկստանում ՀՀ նստավայր դեսպանության հիմնումը նոր էջ կբացի դարավոր բարեկամական կապերով միահյուսված երկու ժողովուրդների հարաբերությունների պատմության մեջ: Այդ համատեքստում զրուցակիցները բարձր գնահատեցին ուզբեկահայ համայնքի ակտիվ մասնակցությունը Ուզբեկստանի հասարակական կյանքում և շաղկապող դերը երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում: 

Երկուստեք կարևորվեց խորհրդարանական հարթակում համագործակցության ամրապնդումը ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում»,- ասվում է հաղորդագրության մեջ: