Եթե ՀՀ-ում կորոնավիրուսով դեպք հայտնաբերվի, մենք ունենք դրան արձագանքելու հստակ ծրագիր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

ավինյան

«Կարող ենք արձանագրել, որ կորոնավիրուսի բարձր կետն անցել է, և գնում է դեպի նվազում, որովհետև հիմնական էպիկենտրոնը Չինաստանն է եղել, և այնտեղ արդեն օրեցօր նոր գրանցված հիվանդության դեպքերն ավելի նվազ են: Բայց, ցավոք սրտի, տարածվել է նաև այլ երկրներում՝ Իրանում, Իտալիայում, Հարավային Կորեայում, և այդ դեպքերը Չինաստանի համեմատ փոքրաքանակ են, բայց, իհարկե, դրանց հետ կապված որոշ մտահոգություններ կան»,-այս մասին ShantTV-ի եթերում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Խոսելով Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծմանը, որը ղեկավարում է ինքը, ասաց ՀՀ անցակետերում ուժեղացված հսկողություն է սահմանվել.

«Ստուգում էինք՝ արդյո՞ք քաղաքացիների մոտ կորոնավիրուսի ախտանշաններ կան, արդյո՞ք ունեն ջերմություն, և բոլոր կասկածելի դեպքերում անձինք համապատասխան ստուգումներ էին անցնում»,-նշել է Ավինյանը:

Հարցին՝ մեր պետությունն  ունի՞ հիվանդությունը լոկալացնելու հնարավորություն, որ այն հայտնաբերվելու դեպքում անգամ չտարածվի, փոխվարչապետը պատասխանել է.

«Միանշանակ, կարող ենք ասել, որ կորոնավիրուսով վարակված անձինք այս պահի դրությամբ Հայաստանում չեն հայտնաբերվել: Բացի այն, որ մենք ունենք այդ հնարավորությունները, նաև մեր և՛ Առողջապահության նախարարության, և՛ Աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնի գործողությունները եղել են բավականին տրամաբանական և ադեկվատ, և բավականին խիստ հսկողություն է սահմանվել՝ նույնիսկ շատ զարգացած երկրների համեմատ: Նույնիսկ, եթե կորոնավիրուսով դեպք հայտնաբերվի Հայաստանում, մենք արդեն իսկ ունենք հստակ ծրագիր, թե ինչպես ենք դրան արձագանքելու: Ես կարծում եմ, որ ընդհանուր պետական, առողջապահական համակարգը պատրաստված է»,-ասել է նա: