Մաղարիչներով ապրողները կաբինետներում չարացած են, նախարարները պետք է գտնեն նրանց. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News 

Գործարար միջավայրի համար Հայաստանում պետք է ստեղծվեն հնարավոր լավագույն պայմանները։ Այս մասին կառավարության հերթական նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ գործարարությամբ զբաղվելու ցուցիչն անհանգստացնող է, պետական կառավարման համակարգում սկզբունքը պետք է բժշկական լինի՝ չխանգարել, այլ որտեղ հնարավոր է օգնել․  

«Այսօր պետական կառավարման համակարգում շարունակում են լինել մարդիկ, ովքեր երկար տարիներ նույն կաբինետներում նստած, իրենց գլոբալ կյանքի օրակարգը ձևավորել են ըստ օրվա մեջ ստացվող մաղարիչների թվի և այլնի։ Այդ մարդիկ շատ չարացած են ներկաների, հեղափոխության վրա, ամեն ինչի վրա չարացած են։ Եթե մի քիչ հարմար զոհ է գտվում, որ մտնում է իրենց կաբինետ, ամբողջ չարությունը պարպում են այդ մարդու վրա։ Ես ուզում եմ մենք հստակ արձանագրենք, որ պետք է այդ մարդկանց գտնել ու լիցքաթափվելու հնարավորություն տալ, թող գնան մաքուր օդ շնչելու, ուրիշ զբաղմունք գտնելու»։

Ըստ Փաշինյանի՝ պետք չէ թողնել, որ դանակը հասնի ոսկորին, մարդիկ սկսեն բաց նամակներով դիմել․

«Ասել ենք՝ չենք եկել գերանդին առնենք ու հնձենք, պետական կառավարման համակարգում կադրային ջարդ անենք, ես ասում եմ՝ հերիք է, այդ մարդիկ պետք է թողնեն գնան ու զբաղվեն ուրիշ գործով, կարող են նույնիսկ ընդդիմադիր գործունեություն ծավալել, հիմա դա բավականին եկամտաբեր է»։