Ակնկալում եմ, որ ինձ համար ցանկալի տարբերակով պետք է գործը կարճվի. Ալիկ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News    

Ալիկ Սարգսյան

«Իմ համաձայնությունը հարցի 2-րդ կողմն է, քննությունը պետք է որոշի՝ վաղեմության ժամկետով գործը կարճե՞լ, թե չկարճել։ Ինձ թվում է՝ կհրավիրեն էլի, կհասկանամ, թե ինչի մասին է խոսքը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործը վաղեմության ժամկետի հիմքով կարճելու հնարավորությանը։

Ալիկ Սարգսյանը կրկին շեշտեց, որ քրեական գործի հարուցումից ի վեր, իր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել։ Նա նաև նշեց, որ ՀՔԾ չի հրավիրվել վաղեմության ժամկետի հիմքով իր դեմ հարուցված քրեական գործը կարճելու հարցով։
«Վերջին անգամ կանչել են 5 ամիս առաջ, էն էլ հարցաքննություն չի եղել, մեղադրանք է առաջադրվել։ Հատուկ քննարկում չի եղել, գիտեմ, որ մի քանիսի հանդեպ կարճվել է այդ հիմքով, ուրիշ ոչինչ չգիտեմ։ Առայժմ պաշտոնական որևէ բան չկա, հետաքրքրվում եմ, կհրավիրեն էս քանի օրը։

Աղբյուրը տեղեկացրել էր, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Միևնույն ժամանակ, նախկին ոստիկանապետն ասաց՝ ակնկալում է, որ իր համար ցանկալի տարբերակով պետք է գործը կարճվի։ Թե որն է այդ տարբերակը, Ալիկ Սարգսյանը նշեց. «Որ ես կապ չունեմ էդ ամեն ինչի հետ, ուզում եմ, որ վճիռ լինի, հույս ունեմ, որ կգնահատեն ըստ արժանվույն, թե ես ինչքանով կապ ունեմ այդ գործի հետ»։

Հիշեցնենք, ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում նախկին ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին և 334-րդ հոդվածի 1-ին մասերով:

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաև 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը, այն է՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված անօրինական գործողությունները և ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ 2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի և սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելուն:

Աղբյուրը՝ «Փաստինֆո»։