ԱՀ-ն շարունակում է իր հանձնառությունը ադրբեջանահայության ցեղասպանության հատուցման հարցում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

ԱՀՄԻՊ

«Սումգայիթի ոճրագործությունը ադրբեջանահայության հանդեպ իրականացված ցեղասպանության միայն մեկ դրվագն էր»: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը փետրվարի 27-ին Ասկերան քաղաքում մասնակցել է Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:

«Սումգայիթում հայությունը ենթարկվեց դաժան ջարդերի, որը ադրբեջանական իշխանությունների պատասխանն էր Արցախյան շարժմանը: Սումգայիթից հետո զանգվածային կոտորածների շղթան շարունակվեց Ադրբեջանի այլ բնակավայրերում և Արցախում: Մի քանի տարում հազարավոր հայեր սպանվեցին, հարյուրհազարավորները լքեցին իրենց տները և բազմաթիվ զրկանքներ կրեցին միայն էթնիկ պատկանելիության պատճառով: Առ այսօր իրավական ու քաղաքական պատշաճ գնահատական չի տրվել միջազգային հանրության կողմից, և Արցախի Հանրապետությունը շարունակում է իր հանձնառությունը ադրբեջանահայության ցեղասպանության հատուցման ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում:

Բոլորս հասկանում ենք, որ նույն վտանգը պահպանվում է տարածաշրջանում, ինչի վառ ապացույցը Ադրբեջանում տիրող հայատյացության պետական քաղաքականությունն է, իսկ նոր հանցագործությունների կանխման երաշխիքը՝ հայոց ամուր պետականությունն ու զինված ուժերը»,- ընդգծել է Արտակ Բեգլարյանը:

ՄԻՊ-ն այնուհետև մասնակցել է Սումգայիթի հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված Սուրբ պատարագին: