ԱՄՆ զինված ուժերը թուրք-սիրիական սահմանին զորք տեղակայելու նպատակ չունեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

թուրքիասիրիա

ԱՄՆ-ն թուրք-սիրիական սահմանին կրկին զորք տեղակայելու մտադրություն չունի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Մարկ Միլլին՝ պատասխանելով Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության մասին լրագրողի հարցին: Տեղեկացնում է Ermenihaber կայքը։ 

Միլլին նախ հիշեցրել է, որ Սիրիայի հյուսիսարևելքում Թուրքիայի նախաձեռնած ռազմագործողության ժամանակ ԱՄՆ-ը հեռացրել է իր հատուկ նշանակության ստորաբաժանումները այդտեղից, իսկ գործողության մեկնարկի հետ մեկտեղ սահմանային հատվածներում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումները տեղափոխվել են դեպի ավելի արևելք:

«Սիրիայում մեր առաքելությունը չի փոխվել: Մեր առաքելությունը Սիրիայի արևելքում ԻՊ-ի դեմ պայքարն է: Թուրք-սիրիական սահմանին կրկին զորք տեղակայելու ո՛չ նպատակ ունենք, ո՛չ էլ ծրագիր»,- ասել է Միլլին: