ՌԴ-ում ՀՀ դեսպանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն «Независимая газета»-ի հոդվածի համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News   

Սումգայիթ

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը «Говорит Москва» ռադիոկայանի հետ հարցազրույցում մեկնաբանել է «Независимой газета»-ի հոդվածը սումգայիթյան ջարդերի մասին։ Դեսպանը  ասել է, որ թերթից հերքում չի պահանջի, բայց արդեն դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն ազգային ատելության, այլատյացության և կրոնական անհանդուրժողականության հրահրման փաստերի ստուգման պահանջով:

«Մենք «Независимая газета»-ից հերքում չենք պահանջի, քանի որ այն, ինչ կար թերթում, համարում ենք սրբապղծություն, վայրի և քրեորեն պատժելի: Կարծում ենք, որ առաջին հերթին լիցենզավորված ընկերություն համարվող թերթն է պատասխանատվությում կրում։ Այն ունի ԶԼՄ-ի լիցենզիա և փաստացի, մեր իրավաբանների կարծիքով, այնտեղ առկա է ԶԼՄ-ի մասին օրենքի ակնհայտ խախտում և այդ հրապարակումը պարունակում է քրեական հոդվածների մեծ փունջ, ինչի հետ կապված ես դիմել եմ գլխավոր դատախազություն»,-նշել է դեսպանը:

Դիվանագետը նաև կասկածի տակ է դրել այն փաստաթղթերը, որոնց հղում է անում հոդվածի հեղինակը՝ Լև Ասկերովը․

«Ես չգիտեմ, թե արխիվային ինչ նյութերի մասին է խոսքը: Հատուկ ծառայությունները հավանաբար ունեն տարբեր նյութեր: Թե որքանով են դրանք լուրջ, որքանով է 5 կոպեկի հասարակ մատնություն, դժվար է ասել: Մենք գիտենք, թե ինչպես է ներկայում խեղաթյուրվում պատմությունը և ոչ միայն 20-րդ դարի: Եվ մենք հասկանում ենք, որ այն, ինչ հարմար է, կարելի է գտնել արխիվներում, և այս կամ այն նյութերն առանձին գործերում, կարելի է վերցնել և օգտագործել»։

Հայաստանի դեսպանը հավելել է, որ դիմել է ոչ միայն Ռուսաստանի դատախազությանն, այլև Ռուսաստանի Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության վերահսկողության ֆեդերալ ծառայություն («Роскомнадзор»):

«Ամեն դեպքում լրատվամիջոցն ինչ-որ մասով պատասխանատվություն է կրում այս կամ այն տեղեկատվության համար:  Ելնելով պատասխանատվությունից՝ պետք է հասկանալ, որ այս դեպքում խոսքը սովորական զրպարտության, միմյանց նկատմամբ ատելության հրահրման մասին է, այդ իսկ պատճառով ես դիմել եմ դատախազությանը։ Ոչ միայն ես, այլև շատ հայկական հասարակական կազմակերպություններ»,- նշել է դեսպանը: