Լարված իրավիճակ Ախթալայում. Մեծ Այրումի բնակիչները փակել էին գյուղի միջպետական ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News    

Մեծ Այրում

Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի բնակիչները այսօր՝ փետրվարի 27-ին, մոտ 1 ժամ փակել են միջպետական ճանապարհը։ Բնակիչները արգելել են Ախթալայի ԼՀԿ հողով բարձված բեռնատարները հող տեղափոխեն «Նահատակ» պոչամբարի տարածք եւ բարձրացնեն պոչամբարի պատվար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ախթալա խոշորացված համայնքի համայնքապետ Արկադի Թամազյանը։

«7 մեքենա կանգնել էին։ Ես հանդիպել եմ բնակիչներին։ Այս հարցը պետք է տնօրինության հետ քննարկվի, այնուհետեւ վերջնական որոշման կհանգենք։ Պոչամբարն իր ունակությունների չափով լցված է։ Եվ բնակիչները ուզում են հասկանալ, թե երբ այդ հարցը կլուծվի ու երբ այդ գործընթացը կսկսվի։ Կոմբինատը հող էր տեղափոխում՝ պոչամբարում աշխատանքներ կատարելու համար։ Այս պահին որեւէ աշխատանք չի արվում, մինչեւ հստակ որեւէ որոշում չկայացվի։ Բնակիչների հիմնական խնդիրն այն է, որ ծանր տեխնիկան է անցնում իրենց ճանապարհով, ինչպես նաեւ՝ պոչամբարի խնդիրն է։ Պոչամբարն էլ որքան ժամանակ կգործի կամ կփակվի դա էլ քննարկման փուլում է»,- ասաց Արկադի Թամազյանը եւ հավելեց, որ այս պահին ճանապարհը բաց է։

Աղբյուրը՝ NEWS.am։