«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի 75 աշխատակից ազատման դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ  28,  24News    

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն

«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի աշխատակիցներն ազատման դիմում են ներկայացնում, ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը թողնելով առողջապահության նախարարության վրա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի Համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը։

Պապոյանը հայտնել է, որ հայտարարության տակ 75 աշխատակից է ստորագրել․

«Կոլեկտիվը 107 հոգի էր, ինձ ասացին, որ այստեղ հասնելու պահին դեռ 75-ն է ստորագրել։ Աշխատակիցները համամիտ չեն «Նորք» ինֆեկցիոնին միավորվելու դեպքում կրելու այն ռիսկերը, որոնց մասին մենք մի տարուց ավելի է բարձրաձայնում ենք, բայց որևէ մեկը բանի տեղ չի դնում»։

Առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանի դիտարկմամբ՝ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի գործընկերները մեկ տարի է առաջարկում են մասնագիտական քննարկում, որպեսզի կարողանան ներկայացնել փաստարկներ, թե ինչու նախարարի որդեգրած քաղաքականությունն իրատեսական չէ և ռիսկեր է պարունակում։

«Որևէ ապօրինի բան չեն առաջարկում։ Մարդիկ վստահ են՝ իրենց մասնագիտական փորձը թույլ տալիս փաստարկներ բերել այն մասին, որ նախարարի որդեգրած քաղաքականությունն իրատեսական չէ և ռիսկեր է պարունակում։ Առողջապահության նախարարությունը չի համաձայնում քննարկում իրականացնել։ Այն իրականացվում է նեղ խմբերի հետ՝ անտեսելով մասնագետներին։ Եկեք հասկանանք, թե որքան պետք է բժիշկների խոսքն արհամարհեն, որպեսզի նրանք գնան կառավարության դեմ ցույցի», - ասել է Գրիգորյանը և հավելել, որ առողջապահության նախարարության աշխատաոճը խիստ փակ է, և միանձնյա որոշումների մեջ է։