Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ  28,  24News            

Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Սամվել Կարապետյանի անժամանակ մահվան կապակցությամբ։ 

Վարչապետի ուղերձում մասնավորապես ասված է․

«Խոր ցավով տեղեկացա հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանի անժամանակ մահվան մասին:

Սամվել Կարապետյանն իր գործունեության ընթացքում հետազոտել և ցուցակագրել է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ: Նրա թողած փաստագրական նյութերը հարուստ ժառանգություն են մեր երկրի համար: Բարձր գնահատանքի է արժանի անվանի հուշարձանագետի հետևողական աշխատանքը Թուրքիայում և Ադրբեջանում հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականության դեմ:

Խորին ցավակցություն եմ հայտնում Սամվել Կարապետյանի հարազատներին և գործընկերներին ու կիսում նրանց վիշտը»: