Գարեգին Բ-ն աղոթք է բարձրացրել Սումգայիթում զոհվածների հոգիների հանգստության համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

հասարակական

Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պետական այրերի հետ միասին հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի տարելիցի առիթով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ 

Ծաղկեպսակների զետեղման պաշտոնական արարողությունից հետո Ամենայն Հայոց Հայրապետը Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի,  ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հետ աղոթք է բարձրացրել Սումգայիթում զոհվածների հոգիների հանգստության համար, ապա ծաղիկներ դրել նրանց հիշատակին կանգնեցված խաչքարերի առջև: