«Սեփական տանիք» շինարարական ծրագիրը կապահովի երիտասարդներին հարմարավետ տներով․ Բալասանյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

բալասանյան

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչները սկսել են նախընտրական հանդիպումները ընտրողների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Վիտալի Բալասանյանի ֆեյսբուքյան էջից։

«Գիտեմ՝ ինչ վիճակում է գտնվում կամուրջը, որը կենսական նշանակություն ունի Ձեզ համար»

Փետրվարի 27-ին Արմենակավան, Խրամորթ, Նախիջևանիկ, Վարդաձոր, Ուղտասար և Փառուխ գյուղերում նախընտրական հանդիպումներ են ունեցել Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչները։

Վ. Բալասանյանը նշեց, որ մասնագիտական լուրջ պատրաստվածություն ունեցողների ներգրավմամբ կազմված իր նախընտրական ծրագիրը հաշվի է առնում արցախցու համար կենսական նշանակություն ունեցող բոլոր խնդիրները։ Այս գյուղերում հիմնականում առկա են երիտասարդ ընտանիքներին տնով ապահովելու, մանկապարտեզների բացակայության հարցերը։ Լուրջ է նաև գյուղերի ճանապարհային ենթակառուցվածնքների խնդիրը. վթարային վիճակում՝ կամուրջ, ոչ բարվոք վիճակում՝ ճանապարհներ։
«Իմ նախընտրական ծրագիրը ներառում է «Սեփական տանիք» շինարարական նոր հավակնոտ ծրագիր, որը կապահովի երիտասարդներին հարմարավետ նոր տներով։ Կապիտալ շինարարության ոլորտում ունենք բազում խնդիրներ: Հիմնովին պետք է վերանորոգվեն համայնքային ճանապարհները և կամուրջները։ Գիտեմ, թե ինչ վիճակում է գտնվում ձեր կամուրջը, որը կենսական նշանակություն ունի ուղտասարցու համար։ Խնդիրը կլինի մեր ուշադրության կենտրոնում, դրան պիտի լուծում տրվի օր առաջ»,- ասաց Բալասանյանը։
Կրթական համակարգի բարեփոխման, մասնավորապես, նախակրթական համակարգի պարտադիր ձևավորման և մեծ համայնքներում մսուր-մանկապարտեզներ կառուցելու հարցը նույնպես Բալասանյանի ծրագրի առանցքային հարցերից է։
«Այն համայնքներում, որտեղ կան դպրոցներ, բայց երեխաների փոքր թվի պատճառով շենքերն օգտագործվում են մասամբ, այդ մասը կհատկացվի մսուր-մանկապարտեզներին՝ համապատասխան վերակառուցումից հետո»,- ներկայացրեց Վ. Բալասանյանը:
Նախագահի թեկնածուն պատասխանեց նաև ընտրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին երկրի անվտանգությանը, աշխատավարձերին, թոշակներին ու աշխատատեղերի ստեղծմանը։