Սուրեն Պապիկյանը տուժող է ճանաչվել իր անձնական տվյալների հրապարակմանն առնչվող քրգործով

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ  28,  24News            

Սուրեն Պապիկյան

ՔՊ վարչության նախագահ, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն իր անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակում ճանաչվել է տուժող: Այդ մասին 24News-ին տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Հարցաքննվե՞լ է Պապիկյանը, թե՞ ոչ, խոսնակը մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ ավելի ուշ ՀՔԾ-ն կտեղեկացնի։ 

Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարի 13-ին «hraparak.am» կայքում հրապարակվեց «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ մի հոդված, ըստ որի՝ զինծառայության ընթացքում Պապիկյանը դանակով վիրավորել է իր հրամանատարին, ինչի համար ազատազրկման է դատապարտված եղել, համաներմամբ՝ ազատ արձակվել: Հաջորդ օրը ֆեյսբուքյան ուղիղ եթերում Պապիկյանը հերքեց, որ ինքը դանակով վիրավորել է որևէ մեկին, սակայն հաստատեց, որ դատապարտված եղել է:

Մամուլի հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 144-րդ հոդվածով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ մարդու անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու, ինչպես նաեւ այլ անձի կողմից այդ տեղեկությունն ապօրինի տարածելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ: