Եթե Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ի օգնությանը, այն կտրամադրի անհրաժեշտ օգնություն. Զաս

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

զաս

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մշտապես գտնվում է ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում»: Երևանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով  Հայաստանի համար զգայուն իրադարձություններին ավելի օպերատիվ արձագանքելու քայլերի մասին հարցին, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Արդեն Հայաստանի կողմից ՀԱՊԿ մյուս պետություններին այս խնդրի մասին տեղեկացնելու լավ համակարգ ենք կառուցել: Հավատացե՛ք, պետությունների ղեկավարների յուրաքանչյուր գագաթնաժողովին այս հարցը քննարկվում է: Բոլորը բավականին տեղեկացված են: Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ն իր դիրքորոշումը կհայտնի այս հակամարտության վերաբերյալ: Դա բազմիցս արվել է: Ընդ որում, պետությունների ղեկավարների և արտգործնախարարների հայտարարությունները հասանելի են, և ես դրանք չեմ մեկնաբանի: Բայց դիրքորոշման էությունը պարզ է: ՀԱՊԿ-ն հանդես է գալիս հակամարտության խաղաղ լուծման օգտին և տեսնում է խնդիրը լուծելու միայն մեկ ճանապարհ՝ դա քաղաքականն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և այս խմբի կողմից իրականացված աշխատանքների շրջանակում, իհարկե, ապավինելով միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ՄԱԿ-ի կանոնադրությանը, Հելսինկյան եզրափակիչ ակտին»,- հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Ստանիսլավ Զասն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերին՝ նշելով, որ եթե Հայաստանը օգնության դիմի ՀԱՊԿ երկրներին՝ կազմակերպությանը, այն կարտահայտի իր դիրքորոշումը և կտրամադրի անհրաժեշտ օգնություն:

«Բայց այժմ Հայաստանի կառավարությունն ինքնուրույն է զբաղվում սահմանային այս միջադեպերով: Հուսով ենք, որ իրավիճակը կկայունանա, և բախումներից հնարավոր կլինի խուսափել»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: