ԱՀԿ-ն կորոնավիրուսի բռնկման համաշխարհային սպառնալիքը բաձրացրել է «շատ բարձր» աստիճանի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

ՄԱԿ

«РИА Новости» գործակալությունը հայտնում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով տեղակալ Մարկ Լոուկոկը կորոնավիրուսի տարածման դեմ պայքար ՄԱԿ-ի արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամից 15 միլիոն դոլար է հատկացրել: ՄԱԿ-ի միջոցները փոխանցվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և ՅՈւՆԻՍԵՖ-ին:

Դրան հաջորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշումը, այն է՝ բարձրացնելու կորոնավիրուսի բռնկման համաշխարհային սպառնալիքը «շատ բարձր», այսինքն՝ ամենաբարձր աստիճանի։

Նշնեք, որ, ԱՀԿ-ի կարգադրությունների համաձայն, վիրուսի տարածումը կանխելու և սեփական անձը վարակից պաշտպանելու լավագույն միջոցները հետևյալն են․

1․ հետևել հիգիենային, հաճախակի ձեռքերը լվանալ ու վերամշակելը սպիրտ պարունակող միջոցներով,

2․ մրսածության և փռշտալու ժամանակ փակել բերանն ու քիթը անձեռոցիկով, ապա անձեռոցիկը նետել կափարիչով աղբարկղի մեջ,

3․ հնարավորինս խուսափել աչքերին, քթին և բերանին դիպչելուց, մարդկանցից ամենաքիչը մեկ մետր հեռավորություն պահել, մանավանդ եթե նրանք հազում են և բարձր ջերմություն ունեն,

4․ ջերմության բարձրացման, հազի առաջացման և շնչառական խանգարումների դեպքում հնարավորինս շուտ դիմել բժշկական հաստատություն:

Փետրվարի 28-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 83 հազարը։ Այն տարածվել է մոլորակի ավելի քան 60 երկրում:

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։