Մարդը դիվանից իջել, քայլ է արել, պահե՛ք, որ չկոտրվի, նորից գնա ու դիվանին պառկի․ Բագրատյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News      

Բագրատյան

Բիզնեսում պետք է հեղափոխությունը առաջ տանենք, ոգևորենք, սակայն հեղափոխական իշխանությունը այդ քայլերը դեռ չի անում։  Այս մասին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Բագրատյանի դիտարկմամբ՝ միկրոբիզնեսով զբաղվողները սոցիալապես անապահով վիճակից  փրկվելու քայլ են անում, օրինակ, օգտվում են պետությունից տրված հնարավորությունից և փոքր բիզնես են փորձում ստեղծել․

«Յուրաքանչյուրին պետք է պաշտպանեք, օգնենք, որ բիզնեսը չկորցնեն։ Այս սոցիալապես անապահով 16 խումբը, որոնք օգնություն են ստացել, նախորդ իշխանությունն է արել։ որ Հեղափոխական իշխանությունը պետք է հեղափոխական մոտեցում ունենար»։

Բագրատյանը հավելել է՝ մարդը փորձ է արել, դիվանին չի պառկել, վարչապետն ասում էր՝ դիվանին պառկած մարդուն ինչպես օգնենք, բայց դիվանից իջել է, քայլ է արել, պահեք, որ չկոտրվի, նորից գնա ու դիվանին պառկի։

Հակադարձելով Բագրատյանին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասել է, թե  պատգամավորի նշած օգնության կարիք ունեցող խումբը դեռ ֆիքսված խնդիրեր չունի։

«Հասկանում եմ, թե սպասվող օրենքը ինչ խնդիր է լուծելու, բայց այդ խնդիրները դեռ գոյություն չունի։ Դրանք չկան և միգուցե չլինեն։ Եվ, առհասարակ, ես չեմ կարծում, որ հանրային պաշտպանի գրասենյակի տրամաբանության մեջ բիզնես բառը տեղավորվում է »,- ասել է նա։

Հովհաննիսյանը հույս է հայտնել, թե այլ գերատեսչություններում կստեղծվեն համապատասխան վարչություններ, որոնք կզբաղվեն բիզնես որոլտի ներկայացուցիչների պաշտպանությամբ։