Սյունիքում ձյուն է, Լարսը փակ է․ կա կուտակված 485 բեռնատար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ի ժամը 14:54-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: 
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար:

Սյունիքի մարզում տեղում է ձյուն: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է և մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 485 բեռնատար և 82 մարդատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։