Գարիկ Սարգսյանը մանիպուլյատիվ հնարքով զրպարտել է Ավշարի ղեկավարին. դատարան են դիմելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

գարիկսարգսյանսուրիկգրիգորյան

Գարիկ Սարգսյանի կողմից փորձ է արվել սուտ տեղեկությամբ, հերյուրանքով, զրպարտության եղանակով որոշակի փաստական հանգամանքների համեմելով առարկայազուրկ դիրքորոշումներ և մոտեցումներ ներկայացնել պարոն Գրիգորյանի հասցեին. մենք դատական հայց կներկայացնենք։ Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ավշարի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանի փաստաբան Սամվել Սիմոնյանը։

Նա մեջբերեց Գարիկ Սարգսյանի կողմից արված հայտարարությունը.

«Ավշար համայնքում տեղի են ունեցել կամայականություններ։ Ունենք համայնքի ղեկավար, որի նկատմամբ նույնպես հարուցված գործ կար։ Այս պահին արդեն դատական պրոցես  սկսվելու պետական գույքը համայնքային դարձնելու, այնուհետև անօրինական սեփականացնելու հետ կապված մի դեպք է»։

Փաստաբանը նշեց, որ համայնքապետի նկատմամբ հարուցված քրգործի կարճվելու մասին մարզպետը չի շեշտել. «Նա գիտի, որ այդ քրեական գործը կարճված է, և խոսել քրեական գործի հետևանքների մասին, վկայակոչելով հետագա դատաիրավական գործառույթներ՝ ընդունելի չեն։ Այդ քրեական գործն իրականում կարճվել է, ինչը նշանակում է, որ դրա վերաբերյալ չի կարող հետագայում դատաքննություն անցկացվել։ 2018 թվականից իրենք տարբեր տեսակ անանուն, անստորագիր, անհասցե գրություններով ստուգումներ էին իրականցնում Ավշար համայնքում։ Փորձում էին լուրջ խնդիրներ գտնել, ֆինանսական չարաշահումներ, մինչդեռ այդ ստուգումների հետևանքով ոչինչ չի հայտնաբերվել»։

Փաստաբանը նկատեց, որ մարզպետարանը ոչինչ չգտնելով, անցել է երկրորդ փուլին. «Ոչինչ չգտնելով անցան երկրորդ ծրագրին, հին դպրոցի շենքի հարցը բարձրացրին օրակարգ։ Մարզպետարանից մասնագետներ են եկել և համապատասխան տեղատեսություն են կատարել։ Խնդիրն այն էր, որ կարողանային մինչև այդ ինչ-որ առումով ֆինանսական չարաշահում գտնել»։

Փաստաբանն անդրադարձավ նաև Գարիկ Սարգսյանի այն հայտարարությանը, թե համայնքի այդ շենքը հետ է վերադարձվելու պետությանը, փաստաբանը ընդգծեց. «Իրավաբանական մի դրույթ ոտնահարվում է, Սահմանադրության 66-րդ հոդվածով, ՔՕ 18-րդ հոդվածով նախատեսված մի հատ կարևոր իրավական սկզբունք ոտնահարվում է։ Նա ասել է, թե պարոն Գրիգորյանը ընդունել է իր մեղքը։ Սա սուտ է, զրպարտություն է։ Մենք պատրաստվում ենք դատական հայց ներկայացնել Գարիկ Սարգսյանի դեմ՝ զրպարտության համար»։

Նա մեջբերեց ևս մեկ հատված մարզպետի հայտարարությունից. «Ավշար համայնքի ղեկավարը դպրոցի շենքն աճուրդի է հանել, և աճուրդի արդյունքում այն ձեռք էր բերել նրա վարորդը: Վարորդն այնուհետև այդ շենքը վաճառել էր համայնքի ղեկավարի աղջկան: Համայնքապետարանն էլ չորս տարի ամսական 120 000 դրամով վարձակալել էր այդ շենքը՝ իբր թե կարատեի պարապմունքներ անցկացնելու համար»։

Համայնքապետի փաստաբանը Գարիկ Սարգսյանի քայլը որակեց որպես պարզ մանիպուլյատիվ հնարք. «Սա հիշեցնում է հատնի պատմությունը՝ Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը՝ Հակոբին, Հակոբն էլ՝ Հուդային և նրա եղբայրներին։ Ու ոչ մի ժամանակագրություն չկա։ Հանրությունը կարող է հասկանալ՝ հին դպրոցի շենքը 1 օրում անցավ համայնքին, հաջորդ օրը համայնքը աճուրդով օտարեց մեկ այլ անձնավորության, իսկ դրանից մի քանի օր հետո գնեց Հասմիկ Գրիգորյանը։ Սա պարզ մանիպուլյատիվ հնարք է։ Իրականում գույքը որպես սեփականություն համայնքին անցել է 2002 թվականին, այդ գույքը, ըստ համայնքում եղած տվյալների, տիրազուրկ էր և չէր կարող չանցնել համայնքին»։

Հիշեցնենք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Ավշար համայնքի հին դպրոցի շենքը List.am-ում վաճառքի է հանվել: