ԿԳՄՍ-ն դեռևս չի պատրաստվում սահմանափակել այցելությունները մշակութային հաստատություններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

հասարակական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեռևս մշակութային հաստատություններ մարդկանց այցելությունները սահմանափակող որոշում  չի կայացրել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը:

«Այսօր ԿԳՄՍ նախարարի մոտ խորհրդակցություն ենք ունեցել և որոշում է կայացվել, որ ի տարբերություն ուսումնական հաստատությունների, մշակութային հաստատությունները դեռևս չեն փակվի: Այս ամենին զուգահեռ, մենք տեղեկություններ ունենք, որ մարդիկ չեղարկում են նախնական պայմանավորվածությունները՝ վերադարձնում են տոմսերը: Այս պահին թողել ենք այցելուների և հանդիսատեսի հայեցողությանը, որպեսզի իրենք որոշեն, այս շրջանում ցանկանում են այցելել մշակութային հաստատություններ, թե ոչ»,- նշեց Խաչատուրյանը:  

Նրա խոսքով՝ մարտի 2-ին, իրենք հանդիպումներ են ունեցել նաև թատրոնների և համերգասրահների տնօրենների հետ և նրանց էլ նույնն են ասել: Մշակութային հաստատությունների տնօրեններից շատերը հաստատել են, որ բազմաթիվ տոմսեր վերադարձվում են և շատ ներկայացումներ չեղարկվել են՝ հանդիսատես չլինելու պատճառով: