Այն, ինչ երևում է մետրոպոլիտենի հրապարակած տեսանյութում՝ չի կարող համարվել ախտահանում. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

.

Առողջապահության նախարարությունը մետրոյում ախտահանում իրականացնելու մասով դեռևս առաջարկ չի ներկայացրել։ Այն, ինչ երևում է Երևանի մետրոպոլիտենի կողմից հրապարակած տեսանյութում՝ չի կարող համարվել ոչ ախտահանում, ոչ էլ խոնավ մաքրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Հետևաբար, կոչ ենք անում նմանօրինակ աշխատանքներ ձեռնարկելիս դրանք քննարկել առողջապահության նախարարության հետ՝ մասնագիտական խորհրդատվություն ստանալու և գործընթացը լիարժեք կազմակերպելու համար։

Ավելին, առաջիկայում նախարարությունը հանդես կգա նման առաջարկությամբ և կներկայացնի այն ուղեցույցը, որի համապատասխան՝ անհրաժեշտության դեպքում պետք է իրականացվեն ախտահանման աշխատանքները»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տարածել, որում երևում է, թե ինչպես են Երևանի մետրոպոլիտենի կայարաններն ու գնացքները մշակվում ախտահանիչ հատուկ նյութերով: