Նոր Հաճնի կամրջի վրա հայտնաբերվել է «Մերսեդեսը», կամրջի տակ՝ 33-ամյա տիրոջ դին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

գիշեր

Մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի վրա ավտոմեքենա կա՝ դռները բաց վիճակում։ Նանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մաս։ Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 18 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև հետախույզ-կինոլոգ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Նոր Հաճնի 1-03 ծառայության բժիշկները։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանն ու ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանը։

Ոստիկանները կամրջի վրա հայտնաբերել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, և 1 ժամից ավելի որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են Երևանի բնակիչ 33-ամյա Սեդրակ Ա․-ի դին։

Փրկարարները դին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Բյուրեղավանի շտապօգնության բրիգադի ավտոմեքենային։

Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Զ. Մարգարյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենան պատկանում է մահացածին, իսկ մինչ դեպքը, նա իր ընկերների հետ հացկերույթի է մասնակցել, որի ժամանակ ընկերներին հայտնել է, որ ինքը 1 ժամով դուրս է գալիս, կվերադառնա, սակայն, երբ ուշացել է, ընկերները անհանգստացել և սկսել են որոնողական աշխատանքներ կատարել և դիմել են 9-11 ծառայություն։