ՊԵԿ-ն ամփոփել է հարկային ոլորտի գործունեությունը․ ՀԴՄ խախտումների դեպքերն աճել են 14 %-ով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

հդմ

ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է հարկային ոլորտում 2019 թվականին կատարված աշխատանքները և հիմնական ցուցանիշները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պետական եկամուտների կոմիտեում վերջին երկու տարվա կառուցվածքային փոփոխությունների արդյունքում 2020 թ. հարկային մարմնի գործառույթները տարանջատվել և կենտրոնացվել են 4 հիմնական մասնագիտական ստորաբաժանումների ներքո: Ըստ Կարեն Թամազյանի, նպատակն է՝ առավել արդյունավետ դարձել հարկային մարմնին վերապահված գործառույթները և կատարելագործել ներքին հսկողական համակարգերը: Այսպես՝ այդ գործառույթներն այժմ իրականացնում են հարկ վճարողների սպասարկման, հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության,  համալիր հարկային ստուգումների վարչությունը և ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունը:

Անդրադառնալով արձանագրված ցուցանիշներին՝ Կարեն Թամազյանը տեղեկացրել է, որ 2019թ. դեկտեմբերին հարկման բազա (հարկման ենթակա եկամուտներ) ապահովված աշխատատեղերը կազմել են շուրջ 629 հազար, ինչը 2018թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 7 %-ով (41 հազարով), իսկ 2018թ. ապրիլի համեմատ՝  մոտ 16 %-ով (88 հազարով): Հիմնական աճը գրանցվել է մանրամեծածախ առևտրի, հանրային սննդի կազմակերպման, սննդամթերքի արտադրության, ինչպես նաև ծառայությունների մատուցման ոլորտներում:

Աճել են նաև դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի և դրանցով արտացոլված իրացման շրջանառությունները: Մասնավորապես՝ 2019 թ. դուրս է գրվել շուրջ 482 մլն հատ հաշվարկային փաստաթուղթ (ՀԴՄ կտրոն, հարկային հաշիվ և հաշիվ վավերագիր) և դրանցով արտացոլված շրջանառությունը կազմել է շուրջ 6,1 տրլն դրամ: 2018 թ. համեմատ հաշվարկային փաստաթղթերի քանակն աճել է՝ 39 %-ով, իսկ շրջանառությունը՝ 14 %-ով:

2019-ին աճել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման, ինչպես նաև չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված ստուգումների քանակը: Մասնավորապես ՀԴՄ խախտումների բացահայտված դեպքերն աճել են շուրջ 14 %-ով, իսկ չգրանցված աշխատողների բացահայտված դեպքերը՝ շուրջ 55 %-ով:

Կարեն Թամազյանի խոսքով՝ 2019 թ. հարկային մարմնում ներդրվել է նոր մոտեցում. նախքան համալիր հարկային ստուգումներ սկսելը, իրականացվում է հարկ վճարողի գործունեության մանրամասն վերլուծություն, առկա ռիսկերի մասով կազմվում է հարցաշար, տրամադրվում ստուգող տեսուչներին: Գործընթացի շրջանակում 418 դեպքով նախաստուգումային վերլուծությամբ ի հայտ եկած ռիսկերը հաստատվել են, որի արդյունքում առաջացել է 3,7 մլրդ դրամի լրացուցիչ պարտավորություն: Իսկ հարկային հաշվարկներում խախտումների վերացման ուղղությամբ իրականացվող կամերալ ուսումնասիրությունների շրջանակում 2019 թ.՝ նախորդ տարվա համեմատ հարկ վճարողների ներկայացրած ճշտված հարկային հաշվարկներով լրացուցիչ առաջացած գումարն աճել է 38 %-ով՝ կազմելով 9,5 մլրդ. դրամ:

Անդրադառնալով այս տարվա ռիսկային համարվող թիրախային ուղղություններին՝ Կարեն Թամազյանը նշել է, որ 2020 թվականին ևս շարունակվում են հարկային իրավախախտումների բացահայտման, հարկային ստվերի կրճատման, ինչպես նաև փաստաթղթավորման ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Առավել թիրախային է համարվել ՀԴՄ կտրոնների տրամադրումը, մասնավորապես՝ միկրոձեռնարկատիրության  համակարգում ընդգրկված հարկ վճարողների մոտ:

2020 թվականին միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն հայտ է ներկայացրել շուրջ 32 հազար սուբյեկտ: Շարունակական վերլուծությունների արդյունքում արդեն իսկ ռիսկային է դիտարկվել շուրջ 1150-ը: Նրանց մոտ արձանագրվել են որոշակի ռիսկեր: Մասնավորապես՝ գերազանցելով 24 մլն դրամի շեմը՝  գործողությունից հանել են ՀԴՄ-ն և այն  նույն հասցեում գրանցել մեկ այլ սուբյեկտի անունով: Առանձին ֆիզիկական անձինք հանդիսանալով վարձու աշխատող այլ տնտեսվարող սուբյեկտի մոտ՝ հաշվառվել են որպես Ա/Ձ, միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն իրականացնելու նպատակով: Առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում (օրինակ՝ ոսկու շուկաներ) գործունեություն իրականացնող առանձին տնտեսվարողներ իբրև իրացնում են «սեփական արտադրանք (զարդեր)»՝ գործելով միկրոձեռնարկատիրության համակարգում: Սակայն առկա են ռիսկեր, որ իրականում նրանք իրականացնում են առք ու վաճառքի գործունեություն, որի դեպքում չեն կարող հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: